Պայթյուն Արմավիրի մարզի բենզալցակայաններից մեկում․ կան վիրավորներ
Օգոստոսի 6-ին արտակարգ պատահար է գրանցվել Արմավիրի մարզում։ Ժամը 12:20-ի սահմաններում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Նորապատ բնակավայրում գործող բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի մասին։
Դեպքի վայր են մեկնել Արմավիրի փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկները։
Ըստ Shamshyan.com–ի՝ պայթյունը տեղի է ունեցել բենզալցակայանի տարածքում՝ հողի տակ տեղադրված բենզինի բաքում։
Պայթյունի հետևանքով տուժել է երկու քաղաքացի․ նրանք տեղի բնակիչների աջակցությամբ անմիջապես տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Տեղում աշխատում են Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի աշխատակիցները, ովքեր սահմանազատել են տարածքը։
Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահ մարմինները պարզում են բենզալցակայանի տիրոջ և հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը։