Կառավարությունը փոխում է երեք նախարարությունների անվանումները
Կառավարության օգոստոսի 6-ի նիստում ընդունված նախագծով նախատեսվում է վերանվանել երեք գերատեսչություն․Արտաքին գործերի նախարարությունը դառնալու է Արտաքին գործերի և միջազգային առևտրի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն։
Մինչ հաստատումը, հանրային քննարկումների ընթացքում նախագիծն արժանացել էր քննադատության, հատկապես ԲՏԱ նախարարության մասով․ քաղաքացիներն ու մասնագետները «արհեստական բանականություն» եզրույթի ավելացումը համարել էին ավելորդ՝ առաջարկելով դրա փոխարեն շեշտը դնել ռազմարդյունաբերության ոլորտի վրա։ Օրենսդրական այս փոփոխություններն ուժի մեջ մտցնելու համար առաջիկայում նախատեսվում է Ազգային ժողովի արտահերթ նիստ։