«Մուլտի Ուելնես»-ը դիմել է դատարան․ ընկերությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի որոշումը
«Մուլտի Ուելնես» ընկերությունը դատական կարգով վիճարկում է Երևանի քաղաքապետարանի՝ Խանջյան 22 հասցեում գտնվող հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագիրը միակողմանի լուծելու որոշումը։
«Դատալեքս» տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ օգոստոսի 3-ին ներկայացված հայցադիմումը մակագրվել է դատավոր Արշակ Պետրոսյանին։ Հայցվոր կողմը պահանջում է չեղարկել քաղաքապետի 2026 թվականի հունիսի 8-ի որոշումը, որով չեղյալ էր հայտարարվել «Մուլտի Գրուպ» Կոնցեռնի հետ դեռևս 2016-ին կնքված պայմանագիրը, ինչպես նաև վերականգնել ընկերության պետական գրանցումը։
Հայցում նաև պահանջ է դրված անվավեր ճանաչել Կադաստրի կոմիտեի հուլիսի 14-ի որոշումները, որոնցով դադարեցվել էր ընկերության կառուցապատման իրավունքը և տարածքը գրանցվել որպես համայնքային սեփականություն։ Հուլիսի 16-ին քաղաքապետարանը հայտարարել էր, որ «Օղակաձև» զբոսայգում գտնվող համալիրը կառուցվել է խախտումներով, ինչից հետո գույքն անցել էր համայնքին, իսկ հուլիսի 31-ին մարզասրահը վերաբացվել էր «Yerevan Wellness» անվանմամբ։
Գործընթացին նախորդել էին աղմկահարույց իրադարձություններ․ մայիսյան քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններից հետո, հուլիսի 6-ին իրավապահները խուզարկություններ էին իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանն ու նրան պատկանող ընկերություններում։ Դրանից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը կալանավորվել էր, իսկ նրա մի շարք ձեռնարկությունների գործունեությունը՝ կասեցվել։