«Ձեզնից վախեցող չկա, մի քիչ համեստ պահեք ձեզ». Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, արձագանքելով ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի նախորդ օրվա հայտարարություններին, խորհրդարանի ամբիոնից հեգնանքով նշել է․ «Հավաքել եմ ամբողջ քաջությունս, հրաժեշտ տվել տանեցիներին ու վախով եկել ԱԺ, որ տեսնեմ՝ այդ ի՞նչ եք անելու։ Մարդկային համեստությունը ձեզ ծանո՞թ է։ Կլինի՞ մի քիչ համեստ պահեք ձեզ։ Ձեզնից վախեցող չկա»։
Ընդդիմադիր պատգամավորի այս արձագանքին նախորդել էր ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելուց առաջ Հայկ Կոնջորյանի ելույթը՝ ուղղված «Հայաստան» խմբակցությանը։ Վերջինս հայտարարել էր, թե ընդդիմադիրները վախենում են իր՝ նախագահության աթոռին հայտնվելուց, և հավելել․ «Ուզում եմ ձեզ հանգստացնել․ եթե ընտրվեմ, խոստանում եմ նիստերի դահլիճում ձեզ համար ապահովել հաճելի ժամանց։ Ինչի՞ վախ ունեք, որովհետև, կներեք, հինգ տարի ինձնից փախած եք ման եկել»։