«Վիրավորանքը սուբյեկտիվ չէ, օբյեկտիվ է․ Ռուբինյան
Կաթողիկոսին ավազանի անունով դիմելը վիրավորանք չէ, այլ քաղաքական դիրքորոշման հարց, հայտարարել է ԱԺ նախագահը
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի հայտարարությունից հետո պարզաբանել է, թե խորհրդարանական ամբիոնից հնչող խոսքում ինչն է համարվում օբյեկտիվ վիրավորանք, և ինչը՝ քաղաքական դիրքորոշում։
Ըստ Ռուբինյանի՝ վիրավորանքն ունի օբյեկտիվ բնույթ (օրինակ՝ անձին «սրիկա» անվանելը), մինչդեռ եկեղեցականին իր ավազանի անունով դիմելը չի կարող որակվել որպես վիրավորանք։
«Վիրավորանքը սուբյեկտիվ բան չէ, օբյեկտիվ է․ օրինակ՝ ոչ մեկի մոտ հարց չի առաջանա, որ չի կարելի մեկին ասել «սրիկա», դա օբյեկտիվորեն վիրավորանք է։ Բայց մարդուն իր ավազանի անունով կամ հոգևորականի անունով դիմելը վիրավորանքի կամ բարեկրթության հարց չէ, դա քաղաքական կամ, գուցե նույնիսկ, եկեղեցական դիրքորոշման հարց է»,- հայտարարել է ԱԺ նախագահը։
«Քաղաքացիական պայմանագիրը» համարում է, որ կուսակրոնության ուխտը խախտվել է
Ռուբեն Ռուբինյանը նաև զուգահեռ է անցկացրել իշխող ուժի դիրքորոշման հետ՝ նշելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համարում է, թե Ամենայն Հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը, և հետևաբար, նրան եկեղեցական անունով դիմելը նույնպես կարող է մեծամասնության կողմից ընկալվել որպես պրովոկացիա։
«Հիմա կարող է ստեղծվել իրավիճակ, որ, օրինակ՝ ձեր նշած անձին ամեն անգամ, երբ եկեղեցական անունով դիմեն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որը համարում է, որ ձեր նշած անձը կուսակրոնության ուխտը խախտել է և հետևաբար իրեն հնարավոր չէ դիմել այդ անունով, դա էլ համարի պրովոկացիա»,- նշել է նա։
ԱԺ նախագահը կոչ է արել պատգամավորներին չգնալ այդ ճանապարհով, վստահեցրել է, որ ամեն ինչ անելու է խորհրդարանական ամբիոնից վիրավորանքները բացառելու համար, և հորդորել է չխաթարել Ազգային ժողովի նիստերի բնականոն ընթացքը։