Անընդունելի է․ Արամ Ա-ի արձագանքը
Սփյուռքի հոգևոր դասը դատապարտում է Հայոց կաթողիկոսի նկատմամբ հետապնդումը
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը և Ամերիկայի Հայ եկեղեցու Արևելյան թեմը հանդես են եկել հայտարարություններով՝ քննադատելով և դատապարտելով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ իրականացվող դատավարությունը։
Արամ Ա․ «Առաջարկել ենք դատարան չներկայանալ և ուղարկել ներկայացուցչին»
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն «անընդունելի և դատապարտելի» է որակել Ամենայն Հայոց կաթողիկոսին դատարան կանչելու փաստը՝ նշելով, որ անձամբ է առաջարկել Վեհափառ Հայրապետին չներկայանալ նիստին․
«Մեր խոր ընդվզումը յայտնեցինք Գարեգին Վեհափառին եւ նոյնիսկ առաջարկեցինք դատարան չներկայանալ եւ իր ներկայացուցիչը ուղարկել։ Կոչ կ՚ուղղենք պետական պատասխանատուներուն յարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեր եկեղեցւոյ ու Վեհափառին անձին նկատմամբ եւ հարցերը քննելու փոխադարձ հասկացողութեան ու պատշաճութեան սահմաններէն ներս՝ յարգելով պետութեան օրէնքները եւ եկեղեցւոյ ներքին կարգն ու կանոնը»։
Երուսաղեմի Հայոց պատրիարքություն․ «Սա պետություն-եկեղեցի հարաբերությունների վտանգավոր նախադեպ է»
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը դատական գործընթացը գնահատել է որպես «խորապես մտահոգիչ և անընդունելի իրադարձություն ազգային-եկեղեցական պատմության մեջ»՝ ընդգծելով, որ պետական մարմինների միջամտությունը եկեղեցու ներքին կանոնական ու վարչական հարցերին հակասում է Եկեղեցու ինքնավարության սկզբունքին։
Պատրիարքությունը պահանջել է անհապաղ դադարեցնել Գարեգին Երկրորդի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ հետապնդումը՝ հավելելով․
«Հայաստանի իշխանութիւնները պարտաւոր են գիտակցիլ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին նկատմամբ իրենց վերաբերմունքը ներքին քաղաքական հարց մը չէ միայն։ Կոչ կ՚ուղղենք յարգելու Սահմանադրութեամբ երաշխաւորուած կրօնական ազատութիւնը, Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ ինքնավարութիւնը և զերծ մնալու այնպիսի քայլերէ, որոնք կրնան խորացնել ազգային պառակտումը»։
Արևելյան թեմի դիրքորոշումը
Ամերիկայի Հայ եկեղեցու Արևելյան թեմը նույնպես շեշտել է, որ եկեղեցու կառավարմանը, կարգապահությանն ու առաջնորդությանը վերաբերող բոլոր հարցերը պատկանում են բացառապես Եկեղեցու սեփական կանոնական կարգին։
Քրեական գործի նախապատմությունը
Ամենայն Հայոց կաթողիկոսը և վեց եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ մեղադրվում են Արմավիրի դատարանում՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով։
Գործը վերաբերում է նախկինում վարչապետի դիրքորոշումը պաշտպանած 10 եպիսկոպոսներից Գևորգ սրբազանին։ Կաթողիկոսի որոշմամբ նա պաշտոնանկ էր արվել, սակայն քաղաքացիական դատարանը պարտավորեցրել էր վերականգնել նրան իր պաշտոնում։ Մայր Աթոռը, համարելով դա միջամտություն եկեղեցու ինքնավարությանը, չէր վերականգնել հոգևորականին և կարգալույծ էր արել նրան։ ՀՀ Քննչական կոմիտեն այս գործողությունները որակել էր որպես դատական ակտի կատարմանը խոչընդոտում։