Ամսական 10.000$ աշխատավարձ. ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ հաջողության պատմությունը
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, 2024 թվականի նոյեմբերին նշանակվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրեն, որտեղ, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրի, ստանում է ամսական ավելի քան 3.6 միլիոն դրամ (տարեկան շուրջ 118 հազար դոլար) աշխատավարձ։
Սա այն պարագայում, երբ 2025 թվականի հաշվետվության համաձայն՝ պետական ընկերության ֆինանսական վիճակը որոշ ուղղություններով վատթարացել է։
Թեև «Հայփոստ»-ի տնօրենը պետք է նշանակվի դիտորդ խորհրդի կողմից՝ մրցութային կարգով, «Ազատության» հարցումներին ո՛չ ընկերությունը, ո՛չ էլ այն կառավարող Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը չեն տրամադրել մրցութային նիստերի արձանագրությունները, մասնակիցների ցանկը կամ դիտորդ խորհրդի անդամների տվյալները՝ վերջինս որակելով որպես անձնական տվյալ։ Ուստի հնարավոր չէ պարզել, թե որքանով է մրցույթն եղել անաչառ ու մրցակցային, և կառավարչական որ արժանիքների համար է նշանակվել իշխանական պատգամավորի կինը։
Բացի այդ, պաշտոնական աղբյուրները չեն հստակեցրել նաև բարձր աշխատավարձի ձևավորման սկզբունքները։ Նախարարությունից պատասխանել են, որ ընկերության գլխավոր գործադիր տնօրենի աշխատավարձի ձևավորման առանձին բանաձև, չափորոշիչներ կամ հատուկ սկզբունքներ առկա չեն։